Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Տարածաշրջանային զարգացումներն ու մեր՝ «խաղից դուրս» վիճակը. Դավիթ Կարապետյան

Տարածաշրջանային զարգացումներն ու մեր՝ «խաղից դուրս» վիճակը. Դավիթ Կարապետյան
28.08.2022 | 12:08

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվարչապետների գլխավորությամբ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին՝ Մոսկվայում:
Փաշինյան-Ալիև հանդիպումն էլ, Շարլ Միշելի գլխավորությամբ, նախատեսված է նույն օրը՝ Բրյուսելում:


ՀՀ իշխանությունների գրեթե մեկամսյա քար լռությունը և ակնհայտ «դնջությունը»՝ «ստիպված կամ զոռով», խաթարում են Մոսկվան ու Բրյուսելը:
Նման լռություն, որպես կանոն, լինում է փոթորկից առաջ:
Թե ինչերի՞ ենք ականատես լինելու՝ կարելի է կռահել:
Բայց չշտապենք:
Նորից համբերատար սպասենք հանդիպումների կայացմանը՝ բնավ չզարմանալով արդյունքներից:
Իսկ մինչ այդ ասեմ, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, ու թե ինչու՞ ենք մենք՝ լուսանցքում:
Կյանքը շարունակվում է, տարածաշրջանային խաղացողները հանդես են գալիս մի շարք նախաձեռնություններով, համատեղ պրոյեկտներ են իրականացնում, կյանքի կոչում մեգանախագծեր:


Դե, իսկ Հայաստանը «արձակուրդի մեջ է»:
ՈՒ դեռ հարց է՝ կվերադառնա՞ արդյոք «արձակուրդից»:
Այսպիսով՝ Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը Թեհրանում ստորագրեցին տարանցիկ երթևեկության և փոխադրումների դյուրացման մասին հուշագիր։
Հետայսու Իրանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցման հիմնական ցամաքային ուղին անցնելու է Ադրբեջանի տարածքով։
Ստացվեց այնպես, որ «Հյուսիս-հարավ» մեգանախագիծը իրագործվեց ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքով:
Իսկ մենք դեռ մեր «հյուսիս-հարավ» նախագծի 40 տոկոսն ենք իրականացրել, այն էլ՝ ոչ լիարժեք ավարտական տեսքով:
Գրեթե ավարտական տեսքի են բերված Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածները:
Աշտարակ-Գյումրի հատվածը դեռ շինարարական փուլում է, Գյումրի-Բավրա և Արտաշատ-Մեղրի հատվածներում ընդհանրապես աշխատանքներ չեն կատարվել:
Ե՞րբ կսկսվեն, ե՞րբ կավարտվեն այդ հատվածների շինաշխատանքները, և առհասարակ, ե՞րբ շահագործման կհանձնվի ողջ մագիստրալը՝ Աստված գիտի:
Ինչևէ:


ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները:
Եթե 2021 թվականին ԵՄ-ն Ադրբեջանից արդեն իսկ ստացել է 8,1 միլիարդ խորանարդ մետր գազ, ապա մինչև 2027 թվականը նախատեսվում է ստանալ առնվազն 20 միլիարդ խորանարդ մետր:
Այսօր ԵՄ-ի համար լավագույն ու բացառիկ այլընտրանքն այս հարցում Ադրբեջանն է:
Բազմակողմանի հարաբերությունների զարգացման նախադրյալներով տարածաշրջանում Ադրբեջանին որպես լավագույն գործընկեր է դիտարկում Ղազախաստանը, որի նախագահը օրեր առաջ Բաքվում Ալիևին հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց, տասնյակից ավելի համատեղ նախագծերի մեկնարկի և վիթխարի ֆինանսական ներդրումների մասին հայտարարվեց:


Ռուսաստանն Իրանից 1.000 անօդաչու թռչող սարք գնեց, միաժամանակ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը Թուրքիային վաճառեց, տարեկան հարյուր միլիարդ դոլարի շրջանառության նախադրյալներ ստեղծեց:
Վերջին գործարքով Կրեմլը, ի հակադրություն ԱՄՆ-ի, «բացահայտեց», թե ում է աջակցելու Հունաստան-Թուրքիա հակամարտությունում և հավանական պատերազմի դեպքում։
Իսկ մեր դեպքում Կրեմլի «նկարած» պատկերը շոշափելի է:
Սոչիում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք էլ նպատակուղղված են օգոստոսի վերջին ու սեպտեմբերի սկզբին գործի դրվել:


Դե, իսկ Թուրքիայի նախագահն արդեն անկաշկանդ հայտարարում է, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հենց Թուրքիայի աջակցությամբ է Հայաստանին հաղթել:
Չավուշօղլուն էլ հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անմիջապես կապված է Երևան-Բաքու համաձայնագրից:
Հետևաբար, մինչ չստորագրվի «խաղաղության համաձայնագիր», հնարավոր չէ ակնկալել վերոնշյալ հարաբերությունների մեկնարկը:
Ավելին՝ Չավուշօղլուն նշել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման անհրաժեշտության, ինչպես նաև Անկարայի և Բաքվի կողմից ցանկալի «Զանգեզուրի միջանցքի» պարտադիր տրամադրման մասին:
ՈՒ սա համարվում է հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների:
Իսկ այսօր ադրբեջանական ստորաբաժանումները մտան Բերձոր, բարձրացրին ադրբեջանական դրոշը և զեկուցեցին երեք բնակավայրերն ու հարակից տարածքներն իրենց տիրապետության տակ անցնելու մասին:


Բերձորը, Աղավնոն ու Սուսն այլևս մերը չեն...
Այս պահին Լաչինի գործող միջանցքում` Բերձորում, Աղավնոյում և Սուսում միայն ռուս խաղաղապահներն են։
Հայերը կշարունակեն մոտակա մի քանի օրը օգտվել այդ ճանապարհից, մինչև ամբողջությամբ պատրաստ կլինի և շահագործման կհանձնվի նոր ճանապարհը։
Բերձոր քաղաքը շրջանցող 22 կիլոմետրանոց այլընտրանքային ճանապարհի կառուցումը Ադրբեջանն իրականացրեց 10 ամսում։
Ճանապարհի տասը կիլոմետրն անցնելու է Հայաստանի տարածքով։
ՈՒ քանի որ «հայկական կողմը չի կատարել իր պարտավորությունները և դեռ չի ավարտել ճանապարհի 10 կիլոմետրի շինարարությունը, ապա, Արցախի հայ բնակչության խնդրանքով, ադրբեջանական կողմը ստանձնել է նոր ճանապարհի հետ կապող ևս 4,8 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը, որը ևս ավարտին է հասցվել»:
Այս մասին հայտարարում է, իհարկե, ոչ հայկական կողմը:
Բայց փաստ է, որ այդպես է:


Փաստ է նաև այն, որ մեր կողմն արագացված ռեժիմով չի էլ սկսել ճանապարհի շինաշխատանքները, որ ակնկալենք շուտափույթ ավարտը:
Մերոնք «արձակուրդում» են:
Ի դեպ, «Զանգեզուրի միջանցքի» լինելու հավանականությունն էլ մեծ է։
ՈՒ դա ոչ միայն Ալիևի «պրինցիպն» է, այլ, ավելի շուտ, Ռուսաստանի ցանկությունը:
Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքը» մեզանից ոչ թե Ադրբեջանն է վերցնում, այլ՝ Ռուսաստանը, շատ ուղիղ ասելով, որ այդ միջանցքը լինելու է ու լինելու է իրենց պատասխանատվության և վերահսկողության ներքո:
Այնպես, ինչպես Լաչինում է։
Այն, որ թշնամին նենգ է, խարդախ ու տականք՝ եթե ոչ բոլորս, ապա շատերս գիտենք:
Այն, որ ներքին թշնամին արտաքին թշնամուց ավելի է տականք՝ այ դա քչերն են ընդունում:
Որ նպատակը արդարացնում է միջոցները, դա էլ է լավ ասված:
Վատ է այն, երբ այս համատեքստում այդ նպատակները զանազան միջոցներով կիրառվում են մեզ վրա:


Որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, դա էլ նորություն չէ:
Որ չկան հավերժական դաշնակիցներ ու բարեկամներ, կան ժամանակավոր շահեր՝ դա էլ աքսիոմա է:
Այն, որ մի ժամանակ արարող ազգ էինք, հիմա դարձել ենք սպառող ու անտարբեր հասարակություն՝ շատերը կփաստեն:
Այն, որ հանդուրժող ենք, խաղաղասեր ու խաղաղաբեր՝ դա էլ իմացանք, էլ չզարմացանք:
Այն, որ թուրքն էլ ասում է՝ «հայի հետին խելքը մեզ լիներ»՝ դա էլ միշտ է արդիական:
Հիմա էլ սկսելու ենք բաժակաճառերը՝ ազիզ հայրենիքի նոր կորսված մի մասի, թուրք-ազերուն պարսավելու, հին ու գործողին, վաղվա նորին պախարակելու, Միրո ման գալու ու Լաո արթնացնելու համար:

Այնքան ժամանակ, մինչև ուշքի գանք:
Կամ այնքան ժամանակ, մինչև ուրիշները մեզ ուշքի բերեն:

Դիտվել է՝ 8667

Մեկնաբանություններ